Դիվանագիտական ակումբի բացումը Երևանում

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին Դիվանագիտական ակումբի հիմնադրման հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, պետական պաշտոնյաներ, գործարարներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, տեղական եւ միջազգային կառույցների ղեկավարներ:

Ակումբի անդամներ դարձան ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հայաստանյան տարբեր ոլորտներում կայացած, պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք համակարգելու են Դիվանագիտական ակումբի բոլոր ծրագրերը: Նրանց թվում են <<ԱՆՌԻՎԱ>> ընկերությունների խմբի հիմնադիր, տնօրեն ՀՌԻՓՍԻՄԵ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆԸ, ով համակարգելու է Դիվանագիտական ակումբի տուրիստական և տրանսպորտային բոլոր ծրագրերը: Ոլորտային ծրագրերը համակարգողների շարքում է <<Տաշիր>> ընկերությունների խմբի նախագահ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ով համակարգելու է ակումբի տնտեսական կապերը եւ բիզնես ծրագրերը, Հայաստանի <<Խաղաղության>> կոմիտեի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ միջազգային կապերը, իսկ ակումբի բիզնես ընդլայնման ծրագրերը համակարգելու է <<Խրոնոգրաֆ>> ընկերության գլխավոր տնօրեն ԳԱԲՐԻԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: <<Հայր եւ որդի Բունիաթյաններ>> ընկերության հիմնադիր-նախագահ, Հայաստանի ձկնարտադրողների միության նախագահ ԱՐՄԵՆ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԸ համակարգելու է ակումբի գյուղատնտեսական ծրագրերը, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, Մարդու Վերարտադրողականության կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր ԷԴՈՒԱՐԴ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ՝ բժշկական ծրագրերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր ՎԱՉԵ ՀՈՎԵՅԱՆԸ՝ մշակութային ծրագրերը, Հայաստանի երիտասարդ գործատուների միության համահիմնադիր նախագահ ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝ գործարար կապերը եւ երիտասարդ գործարարների ծրագրերը:

Դիվանագիտական ակումբի նպատակն է համախմբել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և միջազգային կառույցների ղեկավարներին, Հայաստանի օտարերկրյա կառույցների և դիվանագիտական կորպուսի միջև ամրապնդել մշակութային, բարեկամական, տնտեսական և դիվանագիտական հարաբերություններ՛ ավելի մտերմացնելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն կատարող դեսպաններին:

<<ԱՆՌԻՎԱ>> ընկերությունների խմբի հիմնադիր, տնօրեն ՀՌԻՓՍԻՄԵ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆԻ կարծիքով՝ համատեղ աշխատանքի արդյունքում ակումբի անդամներին կհաջողվի հասնել մեծ արդյունքների եւ 2018 թվականի ընթացքում ակումբը կհամալրվի բոլոր դեսպաններով. <<Բավականին շատ երկրներում դիվանագիտական ակումբը վաղուց գործում է եւ շատ ուրախ եմ, որ այն վերջապես բացվեց նաեւ Երեւանում: Կարծում եմ՝ համահիմնադիրներ Լևոն Դավթյանի եւ Լիլիթ Ադիբեկյանի ջանքներով եւ մեր աջակցությամբ՝ ակումբը կդառնա մի հարթակ, որը երկրի բարօրությունն է ապահովելու: Մեծ պատիվ է, դիվանագիտական ակումբի անդամ լինելը, ինչը պարտավորեցնում է, որ ավելին անենք, որպեսզի մեր երկրի տնտեսությունը, մշակույթը, գյուղատնտեսությունը եւ մնացած այլ ոլորտները միասին զարգացնենք>>: